Ե․ Չարենց․ Ես իմ անուշ Հայաստանի․․․

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։ Պատասխանդ հիմնավորիր։
    Բանաստեղծությունը նվիրված է Հայաստանին, որովհետև Չարենցը այս բանաստեղծության մեջ պատմում է այն մասին, որ Հայաստանի ամեն ինչը սիրում է։
  2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն տունը, որն ամենից շատ է քեզ հոգեհարազատ և բացատրիր, թե ինչո՞ւ է այդպես։
    «Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
    Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
    Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
    Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:»

    Ես սիրում եմ այս տունը, քանի որ այն գեղեցիկ է հնչում։
  3. Գտիր այն տողերը, որտեղ քո կարծիքով բանաստեղծը խտացնում է իր ասելիքը։
    «Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
    Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
    Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
    Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:»
  4. Բանաստեղծությունից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը, բառարանով դրանք բացատրիր և դրանցով նախադասություններ կազմիր։
    Ինձ համար անծանոթ կամ անհասկանալի բառեր չկային։
  5. Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։
    Լարը լացակումած է, քանի որ երաժշտությունը տխուր է։
  6. Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։
    արևահամ – արևային
    վիշապաձայն – բարձրաձայն
    երկաթագիր – երկաթե
    ողբանվագ – նվագել
    արնավառ – վառել
    լուսապսակ – ծաղկեպսակ
    անհյուրընկալ – հյուրասեր
    հազարամյա – հազարավոր
  7. Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քմանաչա, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։
    քամանչա – սազ
    հոտ – բույր
    նազելի – հեզաճկուն
    մաքուր – ջինջ
    ձյունամրրիկ – վիշապաձայն
    սպիտակ – ճերմակ
  8. Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։
    անուշ — անուշ բույր
    արևահամ — արևահամ միրգ
    հին — հին գիրք
    լացակումած — լացակումած երեխա
    ճերմակ — ճերմակ վերմակ
    սուր — սուր թուր
    հեզաճկուն — հեզաճկուն պար
    մուգ — մուգ գույն
    ջինջ — ջինջ ջուր
    սև — սև պատ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *