Ճամփորդում ենք Արատես

Արատեսի վանք

Արատեսի վանքը հայկական վանք է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։

13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Զորաց եկեղեցի

Զորաց եկեղեցին եկեղեցի է Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում՝ կառուցված 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից։

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան՝ Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտավորապես 1242-1344 թվականներ) և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

Սմբատաբերդ

Սմբատաբերդը պաշտպանական համալիր է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։

Ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։

Արփա գետ

Արփան գետ է Հայաստանի Վայոց ձորի մարզում և Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության տարածքում, Արաքսի ձախ վտակը։

Սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Ընդհանուր առմամբ հոսում է հյուսիս-արևելք–հարավ-արևմուտք ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *