Երևանի հուշարձաններ

Կասկադ համալիր

Կասկադ համալիրը ճարտարապետական-կոթողային համալիր է Երևանում։ Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Համալիրի վերևում գտնվում է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան (1967 թ.)։ Ներքևում՝ համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։

Համալիրը կառուցվել է տրավերտին տեսակի սպիտակ քարից, որը ներդաշնակորեն համադրվում է շրջակա միջավայրի հետ։ Նախագծելով Կասկադը հեղինակները՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը, ավարտեցին 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, «Հյուսիսային ճառագայթը», որը հատում է քաղաքը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ։ Կասկադ համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածնունդը ներկայացնելն էր։ Այդ գաղափարը իրականություն դարձնելու համար օգտագործվեցին ճարտարապետական ամենատարբեր ձևեր և գեղարվեստական արտահայտչամիջոցներ։ Կասկադի կառուցման նպատակը ոչ միայն տարածքի բարեկարգումն էր, այլև այնպիսի համալիրի ստեղծումը, որն ունենար բազմաբնույթ կիրառություն։ Կասկադի թորոսյանական ընկալումն ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով. դրանք էին մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը՝ զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով:Սրահները և ենթակառուցվածքները օգտագործվելու էին ցուցադրությունների և մշակութային տարբեր միջոցառումների համար։ Սկզբնական նախագիծը հետագայում ենթարկվեց մի շարք փոփոխությունների, էական փոփոխություններ կատարվեցին հատկապես 1980 թվականին։ Խորհրդային տարիներին Կասկադը պաշտոնական բացում չունեցավ, որովհետև սրահների ինտերյերներն անավարտ էին։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձան

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում, տեղադրվել է 1974-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանի ճարտարապետը Սեդա Պետրոսյանն է, քանդակագործը՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ՝ Արտաշես Հովսեփյանը։

Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»։

Կոմիտասի Հուշարձան

Կոմիտասի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Կոմիտասի Հուշարձանի քանդակագործը Արա Հարությունյանն է, ճարտարապետը՝ Ֆենիքս Դարբինյանը։

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *